IMEI-ների շտեմարանի ստեղծման օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ

հուլիսի 02, 2026

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ-ում բջջային հեռախոսների նույնականացուցիչների (IMEI-International Mobile Equipment Identity) շտեմարանի ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախագիծը:  

Հանձնաժողովն արձանագրում է, որ IMEI-ների շտեմարանում չի նախատեսվում անձնական տվյալների հավաքագրում, մշակում, օգտագործում կամ դրանց հիման վրա անձանց վերահսկելու հնարավորություն:  

Նախագծի համաձայն՝ IMEI-ների շտեմարանը ձևավորվելու է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան, որն արգելում է տվյալների շտեմարաններում հանրային տեղեկությունների կրկնօրինակումը։ Հետևաբար, IMEI-ների շտեմարանում պահպանվելու են բացառապես բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչները՝ IMEI-ները և դրանց կարգավիճակի կամ օրինականության վերաբերյալ նշումները։ Անձնական տվյալների ոչ մի դաշտ առկա չի լինելու։ Արդյունքում, բջջային հեռախոսի օգտատիրոջ կապակցում և նույնականացում բջջային հեռախոսի հետ չի կարող իրականացվել շտեմարանի միջոցով:  

Հանձնաժողովն ակտիվորեն կմասնակցի օրենսդրական նախաձեռնության հետագա քննարկումներին՝ որպեսզի քննարկման արդյունքում հնարավոր փոփոխությունները և վերջնական կարգավորումները համապատասխանեն «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքներով սահմանված միասնական ճարտարապետական, կիբեռանվտանգության և տվյալների կառավարման սկզբունքներին և չափորոշիչներին։  

ՀՀ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը ինքնավար պետական մարմին է, որը ձևավորվել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» ՀՀ օրենքով։ Հանձնաժողովը կարգավորում և վերահսկում է տեղեկատվական համակարգերի, հանրային տվյալների և կիբեռանվտանգության ոլորտները։